Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների և Լիտվայի հայերի միության ջանքերով տեղի ունեցավ «Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա էին Լիտվայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ցուցահանդես, որի միջոցով այցելուները կարող են ծանոթանալ Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից, ինչպես նաև արցախցիների վարք ու բարքին, արվեստին ու ավանդույթներին: Նշենք, որ այն դեռ երկու շաբաթ բաց կլինի։ Մշակույթի կենտրոնի տեսասրահում ցուցադրվեց լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:

Միջոցառման երկրորդ մասում արցախյան ժողովրդական կատարումներով հանդես եկան Արցախից հատուկ այս միջոցառման նպատակով հրավիրված Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները՝ թառահար Լևոն Սարդարյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը: Համերգային կատարումները ջերմ ընդունելություն գտան հանդիսատեսի կողմից:

Լիտվայի Սեյմասի նախկին պատգամավոր և Լիտվայում «Լիտվա-Արցախ բարեկամների շրջանակի» ներկայացուցիչ Դալյա Կուոդիտեն ընդգծեց, որ Արցախը թյուրիմացաբար որպես գոյություն չունեցող պետություն է ներկայացվում, այն դեպքում, երբ այնտեղ պետական բոլոր կառույցները կայացած են: