Երևանում ընթացող Եվրոպայի սուսերամարտի առաջնությանը թրասուսեր զենքաձևից Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկված՝ հայկական արմատներ ունեցող Ջին Ֆիլիպ Պատրիկ Արզումանյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության մամուլի ծառայության հետ զրույցում Պատրիկը նշել է, որ իր համար երազանք էր հաղթել հենց իր հայրենիքում և որ իր պապերի հայրենի հողի վրա մրցելը իրեն ավելի ուժեղ է դարձրել յուրաքանչյուր մրցելույթից առաջ:

«Ես հայ եմ մորս կողմից՝ չնայած ծնվել եմ Ֆրանսիայում։ Պապերս եղել են Արևմտյան Հայաստանից։ Մեր ազգանունը Արզումանյան է։ Առաջին անգամ եմ Հայաստանում, բայց սա իսկապես հրաշալի պահ ու զգացողություն է, որը չեմ կարող բառերով նկարագրել. չէ՞ որ սա իմ մոր հայրենիքն է, այստեղ ապրել են իմ ազգակիցները։ Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, մայրս որոշ բառեր հիշում է, բայց ոչ լիարժեք, սակայն նա երբեք չի մոռացել իր արմատների մասին»: