Իսպանիայի իրավապահ մարմիններն ու մաքսային ծառայությունը Վալենսիայի նավահանգստում նավերից մեկում թմրանյութի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել՝ 520 կգ կոկաին, հայտնել է երկրի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թմրանյութը գտնվել է բեռնատար նավի կոնտեյներում, որը Լոնգ Բիչից (Քալիֆորնիա) նուշ էր տեղափոխում և դեպի Իսպանիա ճանապարհին մի քանի կանգառ է կատարել լատինաամերիկյան մի շարք երկրներում: Հետաքննությունը մոտ մեկ տարի է տևել, գործողության ընթացքում նավահանգստում 800 կոնտեյներ է զննվել:

Սա վերջին 15 օրում երրորդ հաջող գործողությունն է, որոնց ընթացքում Իսպանիայի իրավապահ մարմիններ ու մաքսավորները թմրանյութերի խոշոր խմբաքանակներ են հայտնաբերում: Ալխեսիրասում հայտնաբերվել էր 6 տոննա կոկաին, Բարսելոնում՝ 331 կգ հերոին:

Երկրի իրավապահ մարմինները 2017 թվականին ընդհանուր հայտնաբերել են 30,9 տոննա կոկաին, 440 կգ հերոին, 16,5 տոննա մարիխուանա և  կանեփի 816 բույս: