Բելգիացի ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախ այցելելու համար «Ինտերպոլ»-ին դիմելու առնչությամբ: Այս մասին տեղեկացրին Հայ դատի Եվրոպայի գրասենյակից: Փոխանցում է Ոսկանապետ լրատվական կայքը։

«Ափսոսում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանին «Ինտերպոլ»-ի ձերբակալման միջազգային արտոնագիր են ներկայացրել՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախ այցելելու համար: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը հանրային նշանակության կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական ակտիվության միջոցով հանրային տեղեկացվածության բարձրացմանը։

Չնայած Միջազգային իրավունքում նախատեսված չեն իրավապատասխանատվության համապատասխան հիմքեր, որոնք կարող են որևէ մեկի համար Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելք հանդիսանալ, ադրբեջանական իշխանությունները վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում և փորձում քրեականացնել նման այցերը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության պարտադրումը խախտում է նրանց՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքներն ու կառուցողական չէ հակամարտության կարգավորման հարցում։

Մենք համոզված ենք, որ «Ինտերպոլ»-ը չպիտի քաղաքական հետապնդման կամ ահաբեկման հարթակ դառնա։ Մենք ընդսմին ընդգծում ենք, որ հակամարտության տևական կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի միջև անկողմնակալ երկխոսության միջոցով ՝ ներգրավելով նաև Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդին»: