Ապրիլի 19-ին՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում, Հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ զորակոչի գործընթացում ներգրավված անձնակազմի համար հավաքը հնարավորություն է անմիջապես պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմից տեղեկանալու համատեղ անելիքների, այն սկզբունքների մասին, որոնք պետք է դրված լինեն զինկոմիսարիատների գործունեության հիմքում, բարձրացնեն իրականացվող աշխատանքների և հանրության հետ կապի արդյունավետությունը։

Քննարկվող երկու հիմնական ուղղություններից առաջինը «Ազգ-բանակ» գաղափարի շրջանակում իրականացվող բարեփոխումներն էին, ինչպես նաև արդեն կատարված և առաջիկա անելիքները։ Երկրորդ ուղղությունը վերաբերում էր զինկոմիսարիատների արդիականացման խնդիրներին։

Նախարար Սարգսյանը խոսելով «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Զինվորից սպա» ծրագրերի մասին, նշել է, որ վերջինը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր ժամկետային ծառայության ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել զինվորական մասնագիտության հանդեպ և որոշել են զինծառայությունից հետո վերադառնալ բանակ և ծառայել որպես սպա։ Նրանց համար ռազմական համալսարանում կկազմակերպվեն դասընթացներ, կսահմանվի նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակ, ուսանողները համալսարան կհաճախեն միայն դասաժամերին և քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո տասը տարով սպայական ծառայության պայմանագիր կկնքեն։

Նա անդրադարձել է նաև «Դիտակետ» ծրագրին ու ռազմակրթության ոլորտի նորամուծություններին, որպես դրանց մեկնարկ ներկայացնելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այսօր վարժարանում աշխատում է լավագույն մանկավարժական կազմը։ Այս տարի վարժարան ընդունվելու ցանկություն արդեն իսկ հայտնել է 600 պատանի, և դա այն դեպքում, երբ ընդունելությունը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։

Վիգեն Սարգսյանը խոսելով զինկոմիսարիատների խոշորացման մասին, տեղեկացրել է, որ առաջին փուլով նախատեսվում է 20 զինկոմիսարիատ խոշորացնելով ստանալ 7-ը։ Նոր զինկոմիսարիատները կունենան ժամանակակից ու հաճելի գրասենյակային պայմաններ, բոլոր փաստաթղթերը կթվայնացվեն ու կպահպանվեն էլեկտրոնային եղանակով, կներդրվի քաղաքացիական հատուկ ծառայությունը։