Թուրքիայի Կենտրոնական բանկը 2017թ․-ի ընթացքում ԱՄՆ-ի Դաշնային պահուստից հանել է հանրապետության ոսկու ամբողջ պաշարը, որտեղ այն պահ էր տրված: Այս մասին գրված է Hürriyet թերթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես նշված է, որ ԱՄՆ-ում պահվող ոսկու ձուլակտորների քանակի կրճատման որոշումն Անկարան ընդունել է մի շարք տարածաշրջանային և երկկողմ թեմաների շուրջը Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին:

Դաշնային պահուստից ոսկու կանոնավոր դուրսբերումը սկսվել է 2017թ․-ին։ ԱՄՆ-ում պահվում էր շուրջ 28,7 տոննա թանկարժեք մետաղ, գրում է աղբյուրը: Ոսկին հանելու փաստը հաստատվում է նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի՝ ապրիլին ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաշվետվությամբ:

2016թ․-ի դրությամբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստում առկա ոսկու պաշարների մասին սյունակում նշված է 28 հազար 689 կիլոգրամ թիվը, իսկ 2017թ․-ի վերջին՝ դրված են գծեր: Երկրի ոսկու պահուստի ընդհանուր ծավալն, ինչպես հետևում է Կենտրոնական բանկի հաշվետվությունից, գնահատվում է 564,6 տոննա կամ ավելի քան 20 միլիարդ դոլարի համարժեքով: