Սաուդյան Արաբիայի Մեջլիս աշ Շուրան (խորհրդատվական խորհուրդը) առաջարկել է օրենսդրական փոփոխություն կատարել՝ հանելով կանանց՝ դատավոր աշխատելու արգելքը։

Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ առաջարկը վերաբերում է  դատական համակարգի մասին օրենքի 31-րդ հոդվածի փոփոխությանը, որով  պետք է վերացվի պաշտոնների նշանակման ժամանակ սեռային խտրականությունը, որը մոտ ժամանակներս հնարավորություն կտա  իրավունքի, շարիաթի և փաստաթղթաշրջանառության ֆակուլտետի շրջանավարտ աղջիկներին ընդհանուր իրավասության դատարաններում աշխատել որպես դատավորներ։

Սաուդյան Արաբիայի թագավորը հոկտեմբերին  հրաման է արձակել, որը թույլ է տալիս կանանց մեքենա վարել,  իսկ 2018 թվականին թագավորությանում կանայք կկարողանան երկրի մարզադաշտերում մարզական միջոցառումների հաճախել։

Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհի ամենապահպանողական երկիրը, շատ ոլորտներում սահմանափակում է կանանց իրավունքները։ Կանայք Սաուդյան Արաբիայում իրավաբանորեն և ֆիզիկապես կախված են իրենց հովանավոր-տղամարդկանցից։