Չեխիան առաջիկա ամիսների ընթացքում Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն կբացի: Այդ մասին հայտնում է վարչապետ Անդրեյ Բաբիշին: Փոխանցում է ՌիաՆովոստի-ն։

«Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք պատրաստվում ենք Երուսաղեմում պատվավոր հյուպատոսություն բացել: Դիտարկվում է նաև Երուսաղեմում չեխական կենտրոնի բացման հարցը»,- ասել է Բաբիշը:

Վարչապետի կարծիքով՝ Չեխիան այդ գործողություններով չի խախտի Երուսաղեմի վերաբերյալ ոչ ԵՄ երկրների համատեղ դիրքորոշումը, ոչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը:

Նշենք, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ Երուսաղեմն ապագայում պետք է դառնա ինչպես Իսրայելի, այնպես էլ ապագա Պաղեստինի պետության մայրաքաղաքը: Այժմ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայված են Թել Ավիվում: Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին և փաստաթուղթ է ստորագրել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատունը տեղափոխելու մասին: