ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է Հայաստանի պետական կառավարման տարբեր մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ կիբեռհարձակման դեպք։

Ըստ ԱԱԾ մամուլի հաղորդագրության, պետական կառավարման տարբեր մարմինների էլփոստերին Նիդեռլանդներում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք ցանցերում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենահանելու և Ավստրալիայում գրանցված IP-հասցեի սերվերին փոխանցելու հնարավորություն են տալիս։ Վնասաբեր ծրագրերը վնասազերծվել են, և տեղեկատվության արտահոսքը կանխվել է։

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 1-ին մասի («Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը») հատկանիշներով քննվող քրեական գործով ուղարկվել են իրավական օգնության միջնորդություններ, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավասու մարմինների ներգրավմամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ վերը նշված վնասաբեր ծրագրերը մշակող և օգտագործող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրությունում: