Հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանն ապրիլի 21-ին չի ժամանի Երևան Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին մասնակցելու համար: Նա տեսաուղերձ է հղել Երևանում 9-րդ օրը շարունակ ընթացող բողոքի ցույցերի մասնակիցներին՝ նշելով, որ դեռևս չի ժամանի, թեև շատ կուզեր լինել Երևանում, «քանի որ սրտով և մտքով ամբողջովին» ցուցարարների հետ է։

«Մինչև հիմա չեմ կարողացել Հայաստան գալ այլ պատճառներով, բայց կհուսամ, որ առաջիկայում կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ»- նշել է Սերժ Թանկյանը։