Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաների ժամանակ մեքենաներով փողոց փակած 3 վարորդի դեմ քրգործեր են հարուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2018թ․-ի ապրիլի 20-ին մոտ 60 ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ:

«Նկատի ունենալով, որ նշված արարքներում առկա են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին: Ձերբակալվել է 3 անձ, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: