Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել է Ավան:

Ժամը 14:44 դրությամբ Արտաշատ-Երևան մայրուղու վրա իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկաններն արգելափակել են Արտաշատից մայրաքաղաք ավտոերթ իրականացնող վարորդների շարժը: Նրանք փորձում են ավտոքարշակով հեռացնել ավտոերթի մասնակից՝ Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանի ավտոմեքենան: Իսկ ցուցարաների մի մասը, որոնց թվում են նաև գործադուլ անող «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները, Ֆրանսիայի հրապարակում են:

Առավոտյան բողոքի ակցիային են միացել նաև Էջմիածին քաղաքի բնակիչները: