Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն է հայտնել «հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»: Փոխանցում է Ազատություն-ը։

«Սիրելի հայրենակիցներ, իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման:

Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: Ցավոք, մենք դրա փորձն ունենք և թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ և պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը: Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել:

Ուստի, պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»,- նշված է նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ: