Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կլինի բանակի ներգրավում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես տասը տարի առաջ մարտի 1-ին, ասել է, որ այդ հարցը հստակ կարգավորվում է օրենքով:

Ըստ նրա, պետք է վստահ լինել, որ Հայաստանի օրենսդրություն շատ հստակ կարգավորում է բանակի ներգրավվածությունը ներքին իրադարձություններին: Վիգեն Սարգսյանը նշել է, որ դա կարող է լինել միմիայն արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, և բանակն էլ կարող է ներգրավվել հստակ լիազորությամբ և գործառույթով: Պաշտպանության նախարարի խոսքով, բանակը արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կարող է ներգրավվել ոչ իբրև ֆիզիկական ուժի աղբյուր, այլ որպես ուժ, որն անհրաժեշտ է այդ ռեժիմի պայմանները ապահովելու համար:

Վիգեն Սարգսյանը միաժամանակ ասել է, թե բոլորի ակնկալիքն է, որպեսզի թե այսօր, թե վաղը չլինի արտակարգ դրության ռեժիմի կարիք և հուսանք, որ առաջիկա տարիներին Հայաստանը չի ունենա այդպիսի անհրաժեշտություն, բայց հենց դրա համար էլ գրվում են օրենքները, որպեսզի լարված վիճակների դեպքում լինեն համապատասխան ընթացակարգեր: