Իսլամական պետությունների ղեկավարները Արևելյան Երուսաղեմը ճանաչել են որպես Պաղեստինի մայրաքաղաք, հաղորդում է AFP-ն: Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ գագաթնաժողովի ժամանակ հայտարարվել է, որ կազմակերպությունը ճանաչում է «Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք» և առաջարկում է «բոլոր երկրներին ճանաչել Պաղեստին պետությունը և Արևելյան Երուսաղեմը՝ որպես նրա օկուպացված մայրաքաղաք»:

ԻՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման մասին որոշումը «չունի իրավական ուժ» և «դիտավորությամբ խաթարում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»՝ զարկ տալով «ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը»:

ԻՀԿ-ն Թրամփի քայլը դիտարկում է «որպես ԱՄՆ վարչակազմի հայտարարություն՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հովանավորի դերից հրաժարվելու մասին»:

Վաշինգտոնի քայլը «խրախուսում է Իսրայելին շարունակել գաղութատիրության, ապարտեիդի և էթնիկ զտումների քաղաքականությունը»: