«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հաջորդ ղեկավարը կլինի կանադահայ Հարութ Շիթիլյանը, ով պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ից: Այս մասին ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ներկայիս ղեկավար Արման Ջիլավյանը:

«Երեք տարի պատիվ ու երջանկություն ունեի ղեկավարելու այս ծրագիրը: Ռուբեն Վարդանյանն ու IDeA հիմնադրամը նոր մտքեր ունեն, այդ ծրագրերից մեկով պետք է զբաղվեմ՝ օգտագործելով այն փորձը, որը կուտակել եմ «Ավրորա»-ի շնորհիվ»,-ասաց Արման Ջիլավյանը:

Նախաձեռնության ապագա ղեկավար Հարութ Շիթիլյանը նշեց, որ Կանադայում ութ տարի շարունակ գործունեություն է ծավալել քաղաքական ոլորտում:

«Այս տարիներին ունեցել եմ հազարին մոտ մամուլի հետ հանդիպումներ, հայտարարություններ, որոնց 99.99 տոկոսը եղել է օտար լեզվով, ինձ համար այսօր հատկանշական է թե պաշտոնի ստանձնման, թե Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի, թե այն առումով, որ այսօր ներկայացրինք այս տարվա հերոսներին ու նաև, որ գտնվում եմ իմ հայրենիքում: Այո, Կանադան իմ ներկա տունն է, բայց ես ունեմ մի հայրենիք և այս հայրենիքի մեջ ունենում եմ իմ առաջին մամուլի ասուլիսը»,-նշեց Հարութ Շիթիլյանը:

Հարութ Շիթիլյանը վստահեցրեց, որ այս ծրագրի, թեև միջազգային է, բայց մշտապես իր արմատները գցելու է Հայաստանում:

Նշենք, որ «Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել և նպաստել են իր գործունեությանը: Այս նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով: