«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ․-ի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա):

- Չո Լա Աուն իրավաբան է։ Նա մուսուլման և ռոհինջա ժողովրդի առաջնորդ է Մյանմայում։

- Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն Մեքսիկայից է՝ «72. տուն և ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր։

- Սունիտա Քրիշնան «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիրն է՝ Հնդկաստանից։

Ապրիլի 24-ին կայացած մամուլի ասուլիսին նրանց անունները հայտնեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ.-ի հունիսի 8-10-ը: Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 10-ին: «Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել և նպաստել են իր գործունեությանը: Այս նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր: