Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացերեն գրքույկի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ, դեսպաններ ու Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կարճամետրաժ փաստավավերագրական ֆիլմեր։ Ներկաներն ունկնդրեցին Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի կատարումները։