ՀՀ կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի իր նիստում հաստատեց նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ հունիսի 1-ից, այսինքն 2019 թվականից սկսած, հունվարի 3-ը, 4-ը եւ 5 կլինեն աշխատանքային օրեր:

«Առարկություն չկա», - ժպիտով նշեց վարչապետը: Նկատենք, որ դեռ նախորդ տարի էր վարչապետը հայտարարել, որ նոր տարվա ոչ աշխատանքային օրերը շատ են, պետք է կրճատել:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը եւ պետական մակարդակով նշելուն եւ կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։