Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Այդ մասին Ռոստոմյանի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը, փոխանցում է «Ազատություն»-ը։

«Գիտակցելով պահի օրհասականությունն ու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից», - իր հայտարարությունում ասել է Ռոստոմյանը։

Նա նշել է, որ որպես ԲՀԿ համակիր, պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս է գալիս փողոց։

«Բոլոր մարզիկներին և մարզաշխարհի ներկայացուցիչներին վստահեցնում եմ՝ այսօր Հայաստանի դրոշը Հանրապետության հրապարակում մեր ժողովրդի գլխավերևում ծածանելու ժամանակն է։ Իմ հանրապետական և դաշնակցական գործընկերներին հորդորում եմ առանց տատամվելու միանալ ժողովրդին և ենթարկվել նրա պահանջներին։ Այս պահին ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր հայրենիքի համար անցնցում և խաղաղ ելք գտնելը։ Իմ խորին համոզմամբ՝ այդ ելքը հրապարակում է, ժողովրդի կողքին», - ասել է Ռոստոմյանը։