Իտալիան նշում է Նացիստական օկուպացումից և ֆաշիստական դիկտատուրայից ազատագրման 73-րդ տարեդարձը, որի առթիվ ապրիլի 25-ին ամբողջ երկրում տեղի են ունենում տոնական ցույցեր ու հանրահավաքներ։ Ազգային տոնի առթիվ հանդիսությունները, բազմամյա ավանդույթի համաձայն, սկսվել են առավոտյան Հռոմի կենտրոնում Հայրենիքի զոհասեղանի մոտ կայացած արարողությամբ:

1945թ․-ի ապրիլին Իտալիայի հյուսիսում սկսվեց զինված ապստամբություն, որի արդյունքում, ինչպես նաև հակահիտլերյան կոալիցիայի զորքերի մարտական գործողությունների շնորհիվ երկիրն ազատագրվեց գերմանական օկուպացումից և ֆաշիզմից: Ապրիլի 25-ին Դիմադրության շարժման մարտիկները, որոնց թվում եղել են նաև ֆաշիստական ճամբարներից փախած խորհրդային քաղաքացիներ, ազատագրել են Միլանը և Թուրինը: 1946թ․-ին հենց այդ օրն է առաջին անգամ նշվել որպես ազգային տոն: 1949թ․-ից ապրիլի 25-ը պաշտոնապես հայտարարվել է Ազատագրման ազգային տոն, որը նշվում է երկրի ամբողջ տարածքում: