«Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով, սակայն արդեն այսօր փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի չկայացած երկխոսության ֆոնին հանրապետությունում բնակչությունը կրկին բողոքի ակցիաներ է իրականացնում:

Այս պահին հանրապետության տարբեր հատվածներում վերսկսվել են խաղաղ անհնազանդության ցույցերը, միաժամանակ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկանական զորքեր են տեղակայված: Քիչ առաջ այստեղ բերվեցին նաև փշալարերի մեքենաները, ռազմական և այլ ոստիկանական տեխնիկա: Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը:

«Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է այս պահին տիրում իշխանության և ընդդիմության հարաբերություններում, անհնար է թույլ տալ, որ հանկարծ բախում լինի, ոչ մի կերպ չի կարելի նման զարգացում թույլ տալ։ Ես հենց հիմա գնում եմ այնտեղ: Այսքանից հետո որևէ մեկը, ով բախումների հրաման կտա, հանցագործ կլինի իր ազգի դեմ»,- լրագրողներին հայտնում է դերասան Հրանտ Թոխատյանը։