Երուսաղեմն իրենց երկրի մայրաքաղաք են համարում թե՛ հրեաները, թե՛ պաղեստինցիները: Սակայն ներկայումս քաղաքը գտնվում է Իսրայելի հսկողության տակ: Իսկ Երուսաղեմի միջազգային կարգավիճակը երբեք էլ չի հստակեցվել: Եթե գործեր միջազգային հանրության որոշումը, ապա քաղաքը պետք է գտնվեր ՄԱԿ- հսկողության տակ: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը նման որոշում է կայացրել դեռ 1947 թ.: Այդ որոշմամբ նախատեսվում էր, որ Երուսաղեմը չի գտնվի և՛ արաբական, և՛ հրեական պետության կազմում: Քաղաքը պետք է ապառազմականացվեր, իսկ 10 տարի անց հանրաքվեի միջոցով քաղաքի բնակիչները պետք է որոշեին բնակավայրի պատկանելությունը: Որոշումը, սակայն, կյանքի չկոչվեց երկու կողմերի տարաձայնությունների պատճառով: 1967 թ. վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը քաղաքն իր հսկողության տակ է վերցրել, իսկ 1980-ին Իսրայելի Կնեսետը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի անբաժանելի մաս: ՄԱԿ-ը, սակայն, հատուկ բանաձևով չեղարկել է անեքսիան: 1988-ին Պաղեստինը հայտարարեց անկախ պետություն ստեղծելու մասին, որի մայրաքաղաքը Երուսաղեմն էր: Իսրայելա-պաղեստինյան բանակցություններում Երուսաղեմի հարցը՝ որպես գլխացավանք, միշտ շրջանցվել է: Ամեն դեպքում ՄԱԿ-ի անդամ երկրներից 136-ը Պաղեստինը ճանաչում են մայրաքաղաք Երուսաղեմով: Իսկ Թրամփի որոշումը միջազգային իրավունքի տեսանկյունից ոչինչ չի փոխում: Միևնույն է, Իսրայելը և Պաղեստինը պետք է կարողանան ընդհանուր համաձայնության գալ, որը և կընդունի աշխարհը: