Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» որոշում է կայացրել հունիսի 24-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախկին համանախագահ Սելահադթին Դեմիրթաշի թեկնածությունը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Փոխանցում է Ազատություն-ը։

Հիշեցնենք, որ 2016թ․-ի նոյեմբերի 4-ից ի վեր Էդիրնեի բանտում կալանքի տակ գտնվող Դեմիրթաշի առաջադրման համար իրավական արգելքներ չկան: Փաստաբանների գնահատմամբ՝ նա կշարունակի նախագահի թեկնածու մնալ, եթե նույնիսկ ազատազրկման դատապարտվի:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահը մեղադրվում է 2013թ․-ին Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Այս գործով դատական նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանում: Նույն օրը կմեկնարկի կուսակցության նախընտրական քարոզարշավը: