Ուկրաինայում և Բելառուսում նշում են Չերնոբիլի ատոմակայանի աղետի 32-րդ տարելիցը: Չերնոբիլի վթարը համարվում է վատթարագույնը քաղաքացիական միջուկային էներգետիկայի պատմության ընթացքում: Այսօր առավոտյան Չերնոբիլի զոհերի հուշարձանի մոտ ուղղափառ եկեղեցական ծիսակարգով պատարագ է մատուցվել:

Բելառուսում, որի տարածքի մի զգալի մասը նույնպես ենթարկվել է ճառագայթման, 1988թ․-ից ի վեր ամեն տարի ապրիլի 26-ին տեղի է ունենում սգո երթ:

Հիշեցնենք, որ 1986թ․-ի ապրիլի 26-ին Չերնոբիլի ատոմակայանի ռեակտորի պայթյունի հետևանքով ահռելի քանակությամբ ճառագայթող նյութեր են արտանետվել շրջակա միջավայր: Բուն պայթյունից զոհվել է 30 մարդ, բայց ավելի ուշ՝ ճառագայթման հետևանքով, մահացել են հազարավոր բնակիչներ: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ:

Վիեննայում տեղակայված Ատոմային ճառագայթման հետևանքների հետազոտման կոմիտեն երեկ հայտարարել է, որ 1991-2015թթ․ ընթացքում Չերնոբիլի աղետի աղտոտված տարածքներում (Ուկրաինայում, Բելառուսում և մասամբ Ռուսաստանում) գրանցվել է վահանագեղձի քաղցկեղի մոտ 20 հազար դեպք, ինչն ուղղակիորեն կարելի է համարել ճառագայթման հետևանք:

Ճառագայթման տարածումը կանխելու համար պայթյունից քայքայված ռեակտորը մի քանի անգամ փակել են մետաղյա և բետոնե շերտերով: 2016թ․-ին ռեակտորի տարածքը ծածկել են հսկայական կափարիչով, որի կառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը տրամադրել է 1 միլիարդ 600 միլիոն եվրո: