ՌԴ Պետդումայի պատգամավորների մեծ խումբ է Հայաստան եկել հատուկ Կարեն Կարապետյանին աջակցելու նպատակով և դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցի շարունակությունն է։ Եվ դա է հայ և ռուս պատգամավորների հանդիպման ժամանակ ծագած վիճաբանության պատճառը։

Հայ պատգամավորներից մեկը հաստատեց տարածված տեղեկությունները, որ ՌԴ պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Նիկոլայ Ռիժկովը «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ հիմար, իսկ շարժումն էլ «ուկրաինական Մայդան» է անվանել։ Փոխանցում է 168.am-ը։

ՀՀ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները հակադարձել են, որ սա աշխարհաքաղաքական խնդիր չէ, ուղղված չէ որևէ պետության դեմ այլ՝ հայկական համաժողովրդական շարժում է:

«Ակնհայտ էր, որ ՌԴ պատգամավորներն ագրեսիվ են տրամադրված, բայց ես չէի ցանկանա, որ հակառուսական տրամադրություններ առաջանան մեզ մոտ, դա վնաս է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ «Առավոտ»-ի փոխանցած տեղեկությունների համաձայն այսօր ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների և ՀՀ Աժ մի խումբ պատգամավորների միջև տհաճ խոսակցություն է եղել: ՌԴ պատվիրակության անդամ Նիկոլայ Ռիժկովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընդդեմ ՀՀԿ-ի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հիմար է անվանել:

Ռիժկովին հակադարձել է «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Երբ ռուս պատգամավորները Հայաստանում տեղի ունեցող համաժողովրդական շարժումը համարել են «Մայդան» և նշելով, որ Փաշինյանն ուզում է ուկրաինական դեպքերի պես Հայաստանում էլ «Մայդան» սարքի, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակադարձել է և ասել, որ սա աշխարհաքաղաքական հարց չէ, սա հայկական համաժողովրդական շարժում է: Նաիրա Զոհրաբյանի այս խոսքերին ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էլ բոլորի ներկայությամբ Զոհրաբյանին է դիմել, թե՝ «Ի՞նչ գիտես»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս են եկել քննարկման սենյակից, և ՌԴ պատգամավորների հետ քննարկումը վերածվել է «հակամարտության»: