Առողջապահության նախարարությունը վերջին 10 տարում դիֆթերիայի և 5 տարում փայտացման դեմ չպատվաստված մեծահասակներին հորդորում է անպայման պատվաստվել:

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ն այս տարի մեկնարկել է ապրիլի 23-ին: Նախաձեռնության այս տարվա նպատակը պատվաստումների կարևորումն է` որպես անհատի իրավունք և հանրության նկատմամբ սոցիալական պատասխանատվություն:

«Կան մարդիկ, ում հակացուցված է պատվաստումը: Եվ հնարավորինս շատ մարդ պետք է պատվաստվի՝ հակացուցում ունեցող անձանց չվարակելու համար: Հենց դա է սոցիալական պատասխանատվությունը: Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ իմունականխարգելման ազգային ծրագիրն օրինակելի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Հայաստանում փայտացման և դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել 2000թ․-ից: Երեխաները պատվաստումները ստանում են բարձր մակարդակով և գրեթե լիովին ապահովագրված են: Սակայն այն մեծահասակները, ովքեր վերջին տասը տարում չեն ստացել դիֆթերիայի դեմ պատվաստում, հրավիրում են պատվաստման: Պատվաստումների ազգային օրացույցում նշված են նաև մեծահասակների պատվաստումները: Սակայն, հաշվի առնելով, որ կանչերի մեխանիզմներն այնքան լավ չեն գործում, նրանք լրացուցիչ մեխանիզմ են կիրառում:

Նախարարությունը վերջին շրջանում պարբերաբար հանդես էր գալիս հայտարարությամբ, որ համաճարակային վիճակը փոքր-ինչ լարվել էր` կապույտ հազի և կարմրուկի տարածման պատճառով: Ընդ որում, հիվանդ մարդկանց մեծ մասը չպատվաստվածներն էին: Սահակյանի խոսքով՝ կարճ ժամանակում ունեցան կարմրուկի 17 դեպք, որոնցից 15-ը պատվաստված չէին: Սակայն, բարեբախտաբար, տարածումը հնարավոր եղավ կանխել:

Այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 18 վարակիչ հիվանդությունների դեմ՝ 15 պատվաստանյութով: Պատվաստումների շնորհիվ Հայաստնում 1995թ․-ից այլևս չի արձանագրվում պոլիոմելիտ հիվանդությունը։ Սակայն նույնիսկ հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ պատվաստման անհրաժեշտություն միշտ կա: