Ազգային ժողովում մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության հետ:

Ընդդիմադիր գործիչը այսօր ավելի վաղ արդեն մասնակցել է «Ելք» խմբակցության նիստին, որի ժամանակ որոշվեց նրան առաջադրել Հայաստանի վարչապետի թեկնածու, նաև հանդիպել է Ծառուկյան դաշինքի և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների հետ, որոնք հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը հանդիպում էր ունեցել Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, որից հետո վերջինս մասնավորապես հայտարարել էր․

«Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան միասնական թեկնածու՝ անուն չի նշվում, մենք որևէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որը կանվանեն ժողովրդի թեկնածու»: