Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքը ավարտվել է։ Ելք խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ այսպես խոսեց․

«Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես թե, վաղը այստեղ տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը»։

Նա նշեց նաև, որ Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են իր թեկնածությունը, իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը։

«Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի Հայաստանի վարչապետ։ Մինչև հիմա ընթացքի մեջ մեզ թվում էր, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարևոր իրադարձությունը։ Իրականում, սակայն, այսօր, հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել դրանից առաջ, օրեր առաջ, երբ մեզ ակնհայտ էր, որ ՀՀ-ում կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ վաղը Հանրապետության հրապարակում պետք է տեղի ունենա հսկակայան տոնախմբություն։

«Հայ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական հաղթանակը, իր անշրջելի հաղթանակը։ Չգնալ որևէ ուրիշ տեղ, որևէ փողոց չփակել, բողոքի որևէ տրամադրություն չունենալ, ժամը 11-ին հավաքվել Հանրապետության հրապարակում ու տոնել սեփական հաղթանակը։ ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան և կգնան վարչապետեր, կառավարություններ, ԱԺ-ներ, նախագահներ, նախարարներ ու պատգամավորներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորն ու հիմնականը՝ «Մենք ենք տերը մեր երկրի»,-վանկարկելով հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

«