Եվրոպական միությունը կոչ է արել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում:

«Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի՝ բարգավաճող ու ժողովրդավար հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Նախկինի պես կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը՝ այդ թվում նաև օրենքի պահապաններն ու հավաքների և խոսքի ազատության իրենց իրավունքն օգտագործողները, խուսափեն առճակատումից, ցուցաբերեն զսպվածություն ու պատասխանատվություն, ինչպես որ եղել է վերջին օրերի ընթացքում:

Եվրոպական միությունը շարունակում է քաջալերել բոլոր կողմերին՝ այդ թվում նաև քաղաքացիական հասարակությանը, Սահմանադրությանը համապատասխան ու բոլոր հայերի շահից բխող նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանն ուղղված համապարփակ երկխոսություն սկսելու հարցում»,-ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ: