2018թ․-ի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել են փողոցը, քաղաքացիներին դուրս են բերել խաչմերուկից, հարվածներ հասցրել ակցիայի մասնակիցներից մեկին, իսկ անհայտ անձը հարվածել է «Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի գլխին, քաշել են նրա մազերից, պոկել պայուսակի քուղը:

«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են՝ նկատի ունենալով, որ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել անհայտ անձանց կողմից ենթադրաբար լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն կատարելու մասին՝ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: