Հայաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում:

Գյումրիում ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր մի քանի փողոցներ: Նրանք շրջափակել են Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի շենքերը՝ պահանջելով որ այդ կառույցների աշխատակիցները միանան գործադուլին: Մարզպետարանի աշխատակիցները դրսում կանգնած են: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հույս է հայտնել, որ քաղաքական ուժերը կկարողանան բանակցել և լուծում գտնել այս իրավիճակից:

Գյումրիի քաղաքապետարանում հավաքված ցուցարարները պահանջում են, որ «Բալասանյան դաշինքը» հայտարարի ՀՀԿ-ից հեռանալու մասին և միանա ժողովրդին:

Վանաձորում ցուցարարները շարժվել են դեպի Հայքի հրապարակ: Նրանց են միացել «Գլորիա» կարի ֆաբրիկա աշխատակիցներ: Ակցիայի մասնակիցները արգելափակել են քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի շենքերի մուտքերը։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դուրս է եկել եւ ցուցարարներին ասել, որ ինքը հոգով և սրտով ժողովրդի հետ է, սակայն չեն կարող դադարեցնել քաղաքապետարանի աշխատանքները, ինչին ցուցարարները պատասխանել են «ամոթ, ամոթ» վանկարկումներով: Ցուցարարները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից պահանջում են վայր դնել մանդատը:

Հրազդան քաղաքում այսօր առավոտից փակ են բազմաթիվ գլխավոր և երկրորդական փողոցներ: Ցուցարարները, այդ թվում աշակերտներ ու ուսուցիչներ, երթ են իրականացնում քաղաքի փողոցներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց:

Երևանում վաղ առավոտից փակվել են բազմաթիվ փողոցներ՝

Արշակունյաց պողոտան, Աբովյան-Կորյուն խաչմերուկը, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը, Հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհը, Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, Դավթաշենի կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթ Բեկի փողոցը, մի շարք այլ փողոցներ:

Նշենք, որ մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: