Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովն այսօր լրագրողներին հայտնել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի մայիսի 29-ին կայանալիք ընտրությանը: Իր որոշումը նա պատճառաբանել է պատգամավորական գործունեության ծանրաբեռնվածությամբ: Նշենք, որ Ժուկովը Պետդումայի փոխխոսնակներից մեկն է:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի մայիսի 29-ին կայանալիք ընտրությանը առաջադրվելու է Փհենյհանի ձմեռային Օլիմպիական խաղերում երկրի պատվիրակության ղեկավար Ստանիսլավ Պոզդնյակովը:

Հիշեցնենք, որ դոպինգային սկանդալների պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել էր Ռուսաստանի պետության մասնակցությունը Հարավային Կորեայի Փհենյհանում այս տարվա սկզբին անցկացված ձմեռային Օլիմպիադային: Ռուսաստանցի մի խումբ մարզիկներ Օլիմպիական խաղերին մասնակցեցին չեզոք դրոշի ներքո:

Միջազգային երկու անկախ հետաքննությունները պնդում են, որ ռուսաստանցի մարզիկների կողմից տարիներ շարունակ խթանիչների օգտագործումը կազմակերպվել է պետական մակարդակով: Մոսկվան հերքում է իշխանությունների մասնակցության վերաբերյալ պնդումները: