Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:0 հաշվով և դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն աշխարհի եռակի (2014, 2015, 2017), Եվրոպայի եռակի (2012, 2013, 2014) թթ․ չեմպիոն է: 2016թ․-ի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: Ալեքսանյանը 2012թ․-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: