ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` մայիսի 4-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի հոբելյանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն շուրջ 170 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական ճանապարհը, մտորումներն ու զգացումները:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 30-ը:

Նշենք, որ Վալմարը /Վոլոդյա Մարգարյան/ ծնվել է 1948թ. ապրիլի 21-ին, Գյումրիում: Ավարտել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցը՝ միաժամանակ ավարտելով Մերկուրովի անվան նկարչական դպրոցը, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Աշակերտել է Երվանդ Քոչարին: Աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն:

1980-2006թթ. աշխատել է Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ: 1976թ․-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1994թ․-ից` Նկարիչների միջազգային միության (UNESCO) անդամ:

2007թ. արժանացել է Մաշտոց կրթամշակութային կենտրոնի նախագահության կողմից «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» ոսկե մեդալին: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Գյումրիի պատվավոր «ՎԱՐՊԵՏ» ոսկյա կրծքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։ Արժանացել է Հայ-ռուսական համալսարանի կողմից՝ «Տարվա մարդ» կոչմանը` գեղանկարչության ասպարեզում:

Վերջին տարիներին Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ: