ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է անցկացնում Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակն է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել և լուծումներ գտնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Արմեն Սարգսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում: