2018թ․-ի հունիսի 1-ից Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018թ․-ի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ և տարանցիկ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա:

Ուղևորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018թ․-ի հունիսի 1-ից կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանան թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը»: