ՀՀ կենտրոնական բանկը ապրիլի 30-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ», «Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակ», «2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն» արծաթե հուշադրամները:

1․ Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի առաջին Հանրապետության և Հայաստանի երրորդ Հանրապետության զինանշանները: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հայաստանի առաջին Հանրապետության կառավարության շենքի պատկերը: Անվանական արժեքը՝ 5000 դրամ։ Այդ հուշադրամներից պատրաստվել է 300 հատ։ Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

2․ Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ-քաղաքների քարտեզը և գնդակի պատկեր: Անվանական արժեքը՝ 100 դրամ։ Հուշադրամից պատրաստվել է մինչև 5000 հատ։ Էսքիզների հեղինակներն են MDM (Münzhandelsgesellschaft Deutsche Münze) ընկերության մասնագետները։ Հատվել է «Geiger Edelmetalle» ընկերության դրամահատարանում (Գերմանիա):

3․ Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի զանգաշտարակը` ճակատամարտի քարտեզի համապատկերին: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի ճեմուղուց հատված` արծվի քանդակային պատկերով: Անվանական արժեքը 1000 դրամ։ Հուշադրամից պատրաստվել է 500 հատ։ Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: