Ռուս քաղաքագետ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ հետխորհրդային երկրներում բոլոր մասսայական բողոքները համարվում են «Մայդանի կլոն», նմանեցնում են ուկրաինական իրադարձությունների հետ: Լրագրողների հետ զրույցում, խոսելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների մասին, նշեց, որ այդ դիտարկումների հետ համաձայն չէ: Տեղեկությունը փոխանցում է tert.am-ը։

«Ես դրա հետ համաձայն չեմ Հայաստանի դեպքում, որովհետև Հայաստանը շատ լավ եմ ճանաչում, գիտեմ, որ այն ունի պայքարներով լի պատմություն», - ասաց նա` նշելով, որ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը հենց հիմնվել է պայքարի գնով՝ Արցախյան շարժման արդյունքում:

Պետք է հասկանալ, որ քիչ չէին ներքին խնդիրները, որ նման բողոք բարձրանար: Դրա հիմնական պատճառը և՛ սոցիալական վիճակից դժգոհություններն են, և՛ դժգոհությունն է տնտեսական վիճակից, և´ դժգոհությունն է մենաշնորհից, - ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ երբեք չի համարել, որ Հայաստանում կար դիկտատուրա, և Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ իր ձեռքն էր վերցնում՝ չնայած, որ քաղաքական մենաշնորհն այդ կուսակցության ձեռքում էր: «Մեկ այլ բողոքի պատճառ էր նաև այն, որ Սերժ Սարգսյանն իր խոստումը չկատարեց՝ չհեռացավ քաղաքականությունից»:

Սերգեյ Մարկեդոնովի ձևակերպմամբ՝ Հայաստանում մեծ բողոքի ալիքի ժամանակ չեն եղել աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մասին լոզունգներ:

«Ընդդիմադիր առաջնորդ Փաշինյանն ասաց, որ պրոռուսական վեկտորը կմնա. կան նյուանսներ, կան խնդիրներ, որոնք ծագել են նաև Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի շրջանում: Այդ խնդիրները մշտապես ծագում են, դրանցից վախենալ պետք չէ, բայց կապերը խզել էլ պետք չէ: Ի վերջո, դաշնակցային հարաբերությունները սիրո մասին չեն, այլ՝ շահերի: Դրանք կարող են համընկնել, կարող են հակասել, բայց պետք է կարողանալ այդ ամենը հաշվի առնել և աշխատել դրանց որակի վրա», - ասաց ռուս քաղաքագետը՝ նկատելով, որ եթե նման մոտեցումը պահպանվի, ապա շատ լավ կլինի և´ Հայաստանի, և´ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

«Տեսանք, թե ինչպես տարբեր խմբակցություններ, որոնք մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի երկրպագուները չէին, նրա հետ բանակցությունների մեջ մտան, փոխեցին իրենց դիրքորոշումները: Հասկանալի է, որ նոր իշխանությունը չի կարող Մարսից բերել բոլոր կառավարողներին: Պետք է կառավարել մարզեր, գերատեսչություններ՝ ռազմական, անվտանգության բաժիններ»: