Հնդկաստանի Ռաջաստան և Ուտար Պրադեշ նահանգներում փոթորիկ է եղել, որը 97 մարդու մահվան պատճառ է դարձել։

Ավելի վաղ հաղորդվում էր 77 զոհի ու 143 տուժածի մասին, մինչդեռ թարմ տեղեկությունների համաձայն՝ մահացել է 97 մարդ, տուժածների թիվն անփոփոխ է: Զոհերի մեծ մասը գրանցվել է Ուտար Պրադեշ նահանգում: Ռաջաստան և Ուտար Պրադեշ նահանգներում փոթորիկն արմատախիլ է արել ծառեր, փլուզել է բազմաթիվ տներ և այլ շինություններ:

Քամու արագությունը հասել է 130կմ/ժ ցուցանիշի: Նահանգային իշխանությունների խոսքով՝ դեպքի վայր են ժամանել փրկարարները:

Փոշու փոթորիկը մարդկանց հանկարծակիի է բերել, քանի որ երկրի հյուսիսի համար բնորոշ մուսոնային սեզոնին ավելի քան 6 շաբաթ ժամանակ կա: