Հավայի խոշորագույն կղզում սկսվել է Կիլաուեա հրաբխի արտաժայթքումը, որը մոտ է Լեիլանի-Էսթերյթս բնակավայրին, որտեղ բնակվում է մոտ 1700 մարդ:

Կղզում արտակարգ դրություն է հայտարարված, իրականացվում է բնակիչների տարհանում: Ինչպես հայտնել է տեղական Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը, տարհանման գոտում գրանցվել է ծծումբի երկօքսիդի շատ բարձր մակարդակ, որը բնակչությանը սպառնալիք է ներկայացնում:

Կիլաուեայի կողմնային խարամակոնը փլուզվել էր շաբաթվա սկզբին, և լանջով լավան սկսել էր հոսել բնակելի թաղամասերի ուղղությամբ: Վերջին շաբաթվա ընթացքում իշխանությունները տեղի բնակիչներին նախազգուշացնում էին տարհանմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին, քանի որ գիտնականները զգուշացնում էին, որ հրաբուխը սպասվող արտաժայթքման ակնհայտ նշաններ չի տա:

Նշենք, որ Կիլաուեա հրաբուխը համարվում է աշխարհում ամենաակտիվներից մեկը: Այն ժայթքել է 2008, 2011, 2014 և 2017 թթ․: