Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ, որոնք չկարողացան հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը։

- 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում ռումինացի Անդրեյ Դուկովի նկատմամբ վստահ հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակչում ժամանակից շուտ 0։10 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող վրացի Գեորգի Էդիշերաշվիլուն։ Եթե Էդիշերաշվիլին նվաճի եզրափակիչի ուղեգիր, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

- 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում մեկնարկեց Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ գոտեմարտով և համառ պայքարում պարտվեց 0։3 հաշվով։ Կիսաեզրափակչում վրացի ըմբիշը 0։6 հաշվով պարտվեց ռուս Իլյաս Բեկբուլատովին, ինչից հետո Ֆրանգուլյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

- 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից՝ ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթելով ավստրիացի Մաքսիմիլիան Աուսերլեյտներին: Քառորդ եզրափակչում Մարգարյանն ուժերը չափեց ռուսաստանցի Մոգամեդ Կուրբանալիեևի հետ պարտվելով՝ 6։9 հաշվով։ Եթե ռուսաստանցի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Մարգարյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

- 79 կգ քաշային Վարուժան Կաջոյանը մեկնարկային գոտեմարտում ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթել էր ֆինն Հենրի Ալեկսի Սելենիուսին, սակայն հաջորդ փուլում 1։6 հաշվով պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրիալ Հասանովից։ Եթե ադրբեջանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Կաջոյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

- 97 կգ քաշային Գեորգի Կետոևը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից, որտեղ 0։3 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Նուրմագոմեդ Գաջիևին: Եթե դաղստանցի ըմբիշը հաղթի նաև կիսաեզրափակիչում, Գեորգի Կետոևը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը մեկնել են նաև՝

Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մարզպետ Գալստյանը (86 կգ), Շամիր Աթյանը (92 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել էր 2 ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում հանդես էին եկել նաև Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), ովքեր մեդալ չէին նվաճել:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է նոր կանոնակարգով, և ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ: