Շուտով Հայաստանի Հանրապետության երկինքը կսպասարկեն նաև ուղղաթիռները:

Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:

Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարության՝ 2018թ․-ի ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից:

Առաջիկայում ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային ներուժի մեծացմանը և փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը: