Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաև 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից, փոխանցում է news.am-ը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է.

«Առաջարկում ենք ձեզ վիրտուալ էքսկուրս անցնել Վաշինգտոնի նորաբաց թանգարաններից մեկում` Աստվածաշնչի թանգարանում, որը տեղակայված է ԱՄՆ Կապիտոլիումի հարևանությամբ: Թանգարանում ներկայացված է Աստվածաշնչի պատմությունը և ազդեցությունը աշխարհի տարբեր հասարակությունների ու մշակույթների վրա: Թանգարանում ցուցադրված են վաղ քրիստոնեական արվեստի ավելի քան 600 նմուշներ և Սուրբ Գրքի ձեռագիր ու վաղ տպագիր օրինակներ:

Թանգարանի ցուցանմուշների շարքում են՝

Անգլիայի արքա Հակոբի հայտնի Աստվածաշնչի առաջին հրատարակությունները, Մեռյալ ծովի ձեռագրերի պատառիկներ, Մարտին Լյութերի կողմից մակագրված ու ստորագրված 16-րդ դարի Աստվածաշունչ, Լուսնի վրա եղած առաջին Աստվածաշունչը, Թորայի հնագույն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև մի շարք հայտնի անձանց պատկանած Աստվածաշունչեր, այդ թվում` ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունների ընթացքում օգտագործված Աստվածաշունչեր: Այցելուները նաև հնարավորություն ունեն ծանոթանալու աստվածաշնչյան պատմություններին ժամանակակից թվային տեխնոլոգիաների և հատուկ էֆեկտների միջոցով, ինչպես նաև այցելելու հնագույն Նազարեթի կրկնօրինակով պատրաստված սրահ:

Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը, որի հիմնական նպատակն էր հայերեն թարգմանելու Աստվածաշունչը հունարենից ու լատիներենից: