Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը իր տեսակետ հայտնեց վերջին օրերին կատարված իրադարձությունների մասին․

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանն արմատական փոփոխությունների ենթարկվեց։ Պայմանական կարելի է ասել, որ Հայաստանում կան նախանիկոլյան և հետնիկոլյան ժամանակաշրջաններ։ Նախանիկոլյան ժամանակաշրջանում Հայաստանի հասարակությունը բավականին ապատիկ վիճակում էր գտնվում և գրեթե հույս չուներ փոփոխությունների: Թվում էր՝ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, ու այսպես շարունակվելու է շատ երկար ժամանակ, ճանապարհն էլ արտագաղթն էր: Հետնիկոլյան ժամանակաշրջանում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, Հայաստանի հասարակության մոտ այդ ապատիան ամբողջովին վերացել է, և նա կարողացավ հասնել իր հիմնական նպատակին, հասկացավ, որ ինքը գործող սուբյեկտ է»:

Ա. Բադալյանը կարծում է՝ մի ամբողջ ծրագրի մի կետը կատարվել է՝ Սերժ Սարգսյանը հեռացել է. «Երկրորդ կետը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է: Իսկ երրորդ կետը ՀՀ քաղաքական համակարգի ամբողջովին վերաֆորմատավորումն է ապագա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ կլինեն լրիվ այլ քաղաքական ուժեր, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն չի լինի, որից հետո այլ զարգացումներ տեղի կունենան»: