«Արսենալի» ավագ Լորան Կոսելնին վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում:

Նա վնասվածք ստացավ ոչ խաղային դրվագում, այդ պահին նրան շատ մոտ ոչ ոք չկար: Առաջինը Կոսելնիին ուշադրություն դարձրեց Դիեգո Կոստան: Ֆրանսիացի ֆուտբոլիստը բռնել էր աքիլեսյան գարշապարը: Արդյունքում, ֆուտբոլիստը չկարողացավ ոտքի կանգնել, և նրան խաղադաշտից դուրս բերեցին բժիշկները: Ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ էր, նա բաց կթողնի Աշխարհի առաջնությունը:

Կոսելնին այսպիսի վնասվածք նախկինում էլի է ստանում: Նախորդ տարի նա նշել էր, որ ինքն ունի քրոնիկական խնդիրներ աքիլեսյան գարշապարի հատվածում.

«Ամեն առավոտ պետք է անել հատուկ մարզումներ: Ես գիտեմ, որ այս խնդիրն ինձ հետ է լինելու մինչև կարիերայիս ավարտը: Շատ բարդ է, բայց պետք է շատ զգույշ լինել: Եթե թուլացնեմ մարզումների տեմպը, խնդիրը նորից կանհանգստացնի ինձ: Ես գիտեմ, որ ամեն օր պետք է անցնեմ դժվարությունների միջով, որպեսզի կարողանամ օգնել իմ թիմին»: