Այսօր ամբողջ Ռուսաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ:

Նշենք, որ մայիսի 7-ին նա կրկին, արդեն չորրրոդ անգամ ստանձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմակիցները Ռուսաստանի շուրջ 90 քաղաքներում դուրս են եկել փողոցներ «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Հանրահավաքները սկսվել են արևելյան շրջաններից՝ Խաբարովսկ, Վլադիվոստոկ, Իրկուտսկ: Յակուտսկում ոստիկանները յոթ տասնյակից ավելի ցուցարարների բերման են ենթարկել: Կրասնոյարսկում ևս տասնյակ բերման ենթարկվածներ կան: Ոստիկանությունը ուժ է կիրառել Նավալնիի թիմակիցների նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները ցուցարարներին բերման ենթարկելու մասին հաղորդում են նաև Բարնաուլից, Տոմսկից, Պենզայից ու այլ քաղաքներից:

Այսօրվա հանրահավաքները կանխելու, խոչընդոտելու նպատակով դեռ երեկվանից Ռուսաստանի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալում էր Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին: