Երևանում մայիսի 11-12-ը կանցկացվեն Գինու օրեր։ Միջոցառումը կկազմակերպվի մայրաքաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում՝ Թումանյան և Պուշկին փողոցների հատման կետում։ Այցելել կարելի է 18։00-ից 23։00-ն։ Այս մասին մայիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ Փոխանցում է news.am-ը։

Նա նշել է, որ միջոցառումը, որն արդեն 2-րդ տարին է անցկացվում, հնարավորություն է տալիս հայկական գինին ներկայացնել տեղական և միջազգային շուկային, ցույց տալ ինչ ներուժ ունի էկոտուրիզմը Հայաստանում․

«Նախորդ տարի տեսանք՝ որքան գեղեցիկ անցան Գինու օրերը Երևանում և ինչ ոգևորությամբ էին դրան մասնակցում զբոսաշրջիկները, երևանցիները և մարզերի բնակիչները։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես տոնը չի զիջի նախորդին», - շեշտել է Ապրեսյանը։

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշել է, որ միջոցառումը նվիրված է Երևանի 2800-ամյակին․

«Մեր նպատակն է ցույց տալ, որ Երևանը 2800-ամյա գինու մշակույթ և ապրելակերպ ունի, գինի խմելը սովորություն չէ, այլ ապրելակերպ, ավանդույթ»։