«Արաբական գարնանից» հետո Թունիսում առաջին տեղական ընտրությունների քվեարկության արդյունքում հաղթել է «Ան Նահդա» («Վերածննդի շարժում») իսլամական կուսակցությունը։

Ըստ նախնական տվյալների՝ «Ան Նահդա»-ն ստացել է ընտրողների ձայների 27,5 տոկոսը, իսկ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը՝ «Նիդաա Թունիս» կուսակցությունը, 22 տոկոսը։ Ընտրողների ձայների հաշվարկը սկսվել է Թունիսում ընտրատեղամասերի փակումից հետո՝ տեղական ժամանակով 18։00-ին։

Ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո «Ան Նահդայի» ղեկավարներից մեկը՝ Լյուտֆի Զեյթունը, հայտնել է, որ կուսակցությունը ընտրություններում հաղթել է «Նիդաա Թունիսին» շուրջ 5 տոկոսի տարբերությամբ։

Նշենք, որ 2011թ․-ին Թունիսը արաբական երկրներից առաջինն էր, որտեղ անցկացվել են բողոքի զանգվածային ցույցեր, դրանք արդյունքում հանգեցրել են նախագահ Զին ալ-Աբեդին Բեն Ալիի պաշտոնանկությանը, որը ղեկավարում էր երկիրը 1987թ․-ից սկսած։ Դրանից հետո Թունիսում 2014թ․-ին կայացել էին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։

Տեղական ընտրություններին, որոնք վերջին անգամ երկրում անցկացվել էին 2010թ․-ին, մասնակցում են թե՛ կուսակցությունների ներկայացուցիչներ, թե՛ անկախ թեկնածուներ։