Երևանի քաղաքապետարանի 2018թ․-ի շինբարեկարգման ծրագրի շրջանակում առաջիկայում կբարեկարգվեն Կոմիտասի անվան զբոսայգու՝ պանթեոնի շարունակությունը կազմող հատվածը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ 18570քմ մակերես զբաղեցնող զբոսայգու տարածքում նախատեսվում է իրականացնել մուտքի արտաքին տեսքի թարմացման, նոր ճեմուղիների կառուցման, ոռոգման նոր ցանցի անցկացման աշխատանքներ, ինչպես նաև ներկառուցել շատրվան, տեղադրել բետոնե ձևավոր սալիկներ ու եզրաքարեր, տեղակայել բացօթյա զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ, իսկ Արշակունյաց պողոտայի կողմից՝ նաև հիմնանորոգել ցանկապատը:

Այգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքների շրջանակում տարածքում կանցկացվի արտաքին լուսավորության լուսադիոդային նոր ցանց, կգործի հասարակական զուգարան: Զբոսայգին հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և մանկասայլակներով զբոսայգի այցելող քաղաքացիների համար: Ըստ այդմ այգու տարբեր հատվածներում կկառուցվեն թեքահարթակներ: Զբոսայգու բարեկարգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երրորդ եռամսյակում: